Այսօր գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «գործի» էր եկել, ու լրագրողները փորձեցին ճշտել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ նրա դիրքորոշումը, որի շրջանակում զրույց ծավալվեց նաև Փակ շուկայի շուրջ: «Նախագահն ինչ արել է, ճիշտ ա արել»,- կարճ ու միշտ կրկնվող նախադասությունն ասելուց հետո Ալեքսանյանը հավելեց, որ դրանից մեր երկիրը շահում է: Ալեքսանյանն համառորեն չէր ցանկանում «Փակ շուկային» առնչվող հարցերին պատասխանել: Ներկայացնում ենք irates.am-ի այս թեմայի շուրջ հարցերը:
-Որքա՞ն եք վճարում «Փակ շուկայի» դեմ բողոքող կանանց:
-Գնացեք, հարցրեք: Ձեզնից են պաշտպանում:
-Մենք ի՞նչ ենք անում որ:
-Որովհետև իմ մասին ինչքան վատ բան կա, գրում եք:
-Լավ բան արեք, լավ բան գրենք:
-Ես ընդհանրապես վատ բան չեմ անում, դուք էդ ձև եք ներկայացնում:
-Կարո՞ղ է Ձեր PR-ով այդ կանայք են զբաղվում:
-Դու էլ ես իմ PR-ով զբաղվում: Հիմա էլ, որ կանգնած խոսում եք, իմ PR-ով եք զբաղվում:
-Հետո էլ ասում եք` սխալ ենք գրում, պարզվում է` Ձեր PR-ով ենք զբաղվում:
-Ոչինչ, մի օր խղճներիդ վրա կգա: Խիղճը կգա ձեզ կխեղդի ու մի օր ճիշտը կգրեք:
-Բա Ձեր խիղճը ե՞րբ է գալու, որ պատմամշակութային այդ արժեքը չփչացնեք:
-Էդ մշակութային արժեքը ես փրկել եմ:
-Ինչի՞ց:
-Զիբիլանոցից, կռիսանոցից;
-Այ հենց Ձեր էդ խոսքերն են այնտեղ հավաքված կանայք ասում:
-Բա ճիշտ են անում:
-Փաստորեն, վճարել եք, ինչքա՞ն:
-Քեզ ինչքան են վճարել, որ հիմա էկել ես ստեղ:
-Ինձ աշխատավարձ են տալիս նյութեր պատրաստելու համար:
-Նրանց էլ աշխատանք են տվել, գործ են տվել, մարդիկ պետք ա էնդեղ աշխատեն:
Ի դեպ, վերջում Սամվել Ալեքսանյանն irates.am-ի լրագրողին աշխատանք առաջարկեց «Փակ շուկա»-սիթիում: Այն էլ ի՜նչ աշխատանք, տնօրենի: Սպասում ենք:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ